«Պատասխան՝ 100 տարի անց» նախագծի շրջանակում մեկնարկած ցեղասպանության վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի արդյունքներն ամփոփվել են: Աշխատանքները ստեղծվել են 1894-1923 թվականներին գրված` Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների ու այլ վկայությունների հիման վրա: Ապրիլին կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը: Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես: Նախագիծն իրականացնում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ: Մրցույթ-ցուցադրության աշխատանքները գնահատել են 20-ից ավելի մտավորականներ, առավելապես` կերպարվեստի գործիչներ (Ռոբերտ Էլիբեկյան, Արև Սամուելյան, Կարեն Աղամյան, Կարո Վարդանյան, Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, Հրանտ Թադևոսյան, Լուսիկ Ագուլեցի):
Օրերս գրականության և արվեստի թանգարանում կազմակերպվեց փակ ցուցադրություն: Ներկայացվեցին նախնական փուլերը հաղթահարած բոլոր աշխատանքները («Վերադառնամ տուն», «Ճանապարհ» , «Մարդկության սև խոռոչ», «Գաղթ», «Դեր-Զորի հերոսը»…)։
Առաջին մրցանակին արժանացավ Նարեկ Կնյազյանը: Երիտասարդ արվեստագետն իր «Վերջինը» քանդակը ստեղծել է Սառա Բերբերյանի վկայության հիման վրա. «Մենք շատ մեծ գերդաստան էինք, Էսքիշեհիրում էինք ապրում: Քառասուն հոգով էինք սեղան նստում: Հիմա մենակ եմ մնացել...»:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ինչպես նախագիծն է ինքնատիպ, ոչ ստանդարտ ձևաչափով, գնահատումը ևս անսովոր ձևով է արվել` բացառելու համար որևէ շահարկում, բողոք, տրտունջ: «Հանձնախմբի յուրաքանչյուր անդամ միայնակ է մտել սրահ, շրջել է, գնահատել ներկայացրած աշխատանքները և վերաբերմունքը արձանագրել գրառման թերթիկում»,- ասաց նա:
Մշակույթի նախարարի տեղակալ ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` նախագիծը հնարավորություն է ստեղծել սերունդների յուրօրինակ երկխոսության. «Հետաքրքիր է համադրելը տեքստերը, որոնք հիմք և աղբյուր են եղել այս գործերը ստեղծելու համար: Համոզված եմ, որ համալիր ծրագրի շնորհիվ ունենալու ենք հետաքրքիր արդյունք` պատկերագրքի տեսքով: Ծրագիրը խորհրդանշում է կյանքի շարունակությունը, որովհետև 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը ուղղված էր այն սերնդի դեմ, որ ստեղծագործում է այսօր»:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ նշեց, որ այս և այլ նախագծերն ապացուցում են մի կարևոր հանգամանք` մենք չենք մոռանում: Նրա խոսքով` եթե աշխարհը մինչ օրս չի ճանաչում ցեղասպանությունը, գիտակցաբար կամ անգիտակցաբար թույլ է տալիս, որ նման ցեղասպանություններ տեղի ունենան, և տեղի են ունենում: Պատմությունը լի է այդպիսի փաստերով: «Այս ցուցադրությունը երիտասարդ սերնդի ամենաթարմ խոսքի արտացոլումն է»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ, կոչ անելով՝ ազգային թեմաներին հաճախ անդրադառնալ և հարստացնել հայ արվեստը:
«Իրատես de facto»-ն հետաքրքրվեց` հաղթող աշխատանքները և դրանք ամփոփող պատկերագիրքը ներկայացվելո՞ւ են դրսում: «Պատկերագիրքը եռալեզու է լինելու, ներկայացվելու է գրքի միջազգային ցուցահանդեսներում»,- ասաց «Պատասխան` 100 տարի անց» նախագիծը համակարգող ՀԱՍՄԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ և հավելեց, որ արձագանքի դեպքում պատրաստ են նաև շրջիկ ցուցադրություն կազմակերպելու սփյուռքում, Արցախում, ՀՀ մարզերում: Ցուցահանդեսը կուղղորդվի դասախոսական նյութերով, որ կներկայացնեն երիտասարդ պատմաբանները: Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ, մրցույթի պատասխանատու, արվեստաբան ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ նշեց, որ աշխատանքների գեղարվեստական տենդենցները և ուղղությունները տարբեր են, բայց բոլորի մոտ առկա է մեկ ընդհանուր գիծ` սիմվոլիզմը: Արմեն Գասպարյանը պատասխանեց նաև «Իրատես de facto»-ի հարցերին:
-Տարբերվո՞ւմ են ցեղասպանությունը վերապրած և մերօրյա արվեստագետների գործերը:
-Ձեր հարցն ինձ հիշեցրեց Վարդգես Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն» կտավը, որ ներկայացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության բաժնում: Այդ կտավում մահացած վանական կա, թուրքերի բարբարոսություններն են պատկերված: Ակամա հիշեցի նաև Հարություն Կալենցին, որ եղեռն վերապրած նկարիչ է, երբևէ նման պատկերներ չի ստեղծել: Նկարում է միայն դիմանկարներ, բնապատկերներ: Հենց դա է հայի հաղթանակը: Այսօրվա կտավներում մենք տեսնում ենք ցեղասպանության դետալներ, սակայն գերիշխում է լավատեսությունը:
-Մրցույթի նախնական փուլերը հաղթահարել էին 20 աշխատանք: Պատկերագրքում տեղ են գտնելու 15-ը: Դժվա՞ր ընտրություն էր:
-Հայտերը շատ էին, սկզբնական շրջանում շատ էսքիզներ մերժվեցին, չէին համապատասխանում միջոցառման գեղարվեստական չափանիշներին: Արձագանքել են նաև Ռուսաստանից, Ֆրանսիայից: Ռուս նկարիչ Իլյա Նեկրասովը ներկայացել էր «Հոգիներ» կտավով: Հետաքրքիր է, որ այլազգին վերապրում, ստեղծագործում է այդ թեմայով ու բավական ազնիվ: Հաղթել-չհաղթելը պայմանական է: Ապրիլյան ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվելու են նաև ավագ սերնդի կայացած արվեստագետների աշխատանքները: Օրինակ, ցուցահանդեսին կմասնակցեն քանդակագործ, պրոֆեսոր Գագիկ Ղազարյանը, վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, ով ներկայումս աշխատում է Կոմիտասի կերպարի վրա: Վերջիններս նաև հանձնաժողովի կազմում էին:
-Լավագույն աշխատանքները կներկայացվե՞ն դրսում:
-Ես մեծ հույս ունեմ, բայց յուրաքանչյուր ցուցադրության կազմակերպում մեծ ֆինանսներ է պահանջում:
-Ո՞ր աշխատանքները կառանձնացնեիք:
-Որպես արվեստաբան և հանձնաժողովի նախագահ վարանում եմ նման գնահատական տալուց: Բայց կասեմ, որ հետաքրքիր տեխնիկա ունի Արտեմ Ազարյանը: Շուրջ ութ ամիս աշխատել է կտավի վրա: Գաղափարը նույնպես առանձնանում է: Ներկայացնում է Արևմտյան Հայաստանից գաղթած իր տատիկի տան բանալին, որով տատիկը կողպել է դուռն ու գաղթել: Այդ բանալին ես տեսել եմ: Ինչու հիշատակեցի այդ աշխատանքը, որովհետև աչքի է ընկնում և՛ գաղափարով, և՛ կատարողականության վարպետությամբ: Կան գործեր, որոնց գաղափարը, մտահղացումը լավն են, բայց չեն բավարարում կատարողականը:
-Հետաքրքիր կլիներ, որ նախագծին հայտ ներկայացնեին արվեստագետներ Թուրքիայից:
-Նման հայտ չենք ունեցել:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ